Հայաստանի անտառներ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի անտառները ներկայացված են բույսերի 323 տեսակով։ Հայաստանի անտառներն ունեն սահմանափակ տարածք, որը պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով։ 2018 թվականի անտառների պետական հաշվառման արդյունքներով անտառները կազմում են երկրի տարածքի շուրջ 11.1 %-ը՝ 460 հազար հեկտար, որից 334.0 հազար հեկտարն անտառածածկ տարածքներ են։ Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների՝ Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հեկտար, կամ երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17%-ը։ Հայաստանի պետական անտառները հիմնականում կառավարում են Հայաստանի գյուղատնտեսության (շուրջ 75%) և Հայաստանի բնապահպանության (շուրջ 25%) նախարարությունները[1]։
Հայաստանի անտառները լեռնային են, հանդիպում են հյուսիսային ու հարավային շրջաններում։ Կենտրոնական շրջանը գրեթե անտառներից զուրկ է, կան միայն անտառների կղզյակներ կամ չորասեր նոսրանտառներ։ Հայաստանում գերակշռում են լայնատերև անտառները։ Անտառները տարածված են 500-2400 մ բարձրությունների վրա։ Առանձնացնում են չորս հիմնական տիպեր՝ կաղնուտներ, հաճարկուտներ, բոխու անտառներ ու չոր նոսրանտառներ։
Հայաստանի անտառները աչքի են ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ։ Անտառներն ունեն հողապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն։ Մարդու կողմից գերշահագործումը և Բնական միջավայրի բացասական հետևանքները ժամանակի ընթացքում զգալիորեն վնասել են Հայաստանի անտառային էկոհամակարգերը։ Դարերի ընթացքում անկանոն շահագործման և հատման հետևանքով Հայաստանի անտառների մեծ մասը ոչնչացվել է, անհետացել են բույսերի բազմաթիվ արժեքավոր տեսակներ, պահպանված անտառները հիմնականում ցածրարժեք ծառեր են[2]։ Հայաստանում շատ անտառներ ներկայումս գտնվում են հատուկ պահպանության տակ, բնության հատուկ պահպանվող տարածքների շուրջ 90%-ը անտառներ են։