Հակոբ Բ Անավարզեցի
From Wikipedia, the free encyclopedia
Հակոբ Բ Անավարզեցի (հայտնի է նաև որպես Տարսոնացի, Սսեցի, 1280-ական թթ., Տարսոն – 1359, Սիս), Ամենայն հայոց կաթողիկոս 1327–1341 թթ.-ին, հաջորդել է Կոստանդին Դ Լամբրոնացուն, և 1355–1359 թթ.-ին, հաջորդել է Մխիթար Ա Գռներցուն։ Հայոց կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցու քրոջ որդին է։
Հակոբ Բ Անավարզեցի | |
---|---|
Մահացել է | 1359 |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Սովորել է Սսի կաթողիկոսարանում, եղել կաթողիկոսարանի, ապա՝ Կիլիկիայի Կապան քաղաքի եպիսկոպոս, Անավարզայի արքեպիսկոպոս։ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Ե-ի հանձնարարությամբ դեսպանական առաքելությամբ եղել է Եվրոպայում՝ օգնություն հայցելու։ Գահակալման առաջին տարիներին շարունակել է Լևոն Ե-ի լատինամետ քաղաքականությունը՝ հույս ունենալով Կաթոլիկ եկեղեցու աջակցությամբ ստանալ եվրոպական երկրների օգնությունը՝ ընդդեմ Եգիպտոսի և շրջակա իսլամադավան իշխանությունների հարձակումների։ Սակայն հիասթափվելով Հռոմի պապերի կեղծ խոստումներից, տեսնելով հայոց մեջ ունիթորության ազդեցության տարածումը՝ հրաժարվել է նախկին քաղաքականությունից, դարձել հակաունիթորական, անկախության ջերմ պաշտպան ու հայ-եգիպտական մերձեցման կողմնակից։ 1337 թ.-ին օգնել է Լևոն Ե-ին՝ եգիպտացիների հետ կնքելու հաշտության պայմանագիր։ Երբ արքունիքում մեծ ազդեցություն են ձեռք բերում լատինները և լատինամետ հայ իշխանները ու Լևոն Ե նորից Արևմուտքի հետ գաղտնի բանակցությունների մեջ է մտնում կաթողիկոսը ընդդիմանում է դրան, իսկ 1341 թ.-ի սկզբին ստիպված հրաժարվում է գահից։ Նրան հաջորդած Մխիթար Ա Գռներցու մահից (1355) հետո նորից է ընտրվում Հայոց կաթողիկոս (աննախադեպ է Հայ եկեղեցու պատմության մեջ)։ Երկրորդ գահակալման ընթացքում վարել է նույն հակաունիթորական քաղաքականությունը՝ դադարեցնելով շփումները Կաթոլիկ եկեղեցու հետ։ Կաթողիկոսական գահին Հակոբ Բ Անավարզեցուն հաջորդել է Մեսրոպ Ա Արտազեցին։