Կոմիտաս Ա Աղցեցի
From Wikipedia, the free encyclopedia
Կոմիտաս Ա Աղցեցի, Շինող (ծ. թ. անհայտ, գ. Աղցք (Արագածոտն գավառ) – 628, Դվին), Ամենայն հայոց կաթողիկոս 615 թվականից։ Ուսումն ու կրթությունը ստացել է Մովսես Եղիվարդեցի կաթողիկոսի օրոք (574-604 թթ.) Դվինում։ Մի կարճ ժամանակով եղել է Ս. Հռիփսիմե վկայարանի փակակալը, հետո, ինչպես երևում է, Աբրահամ կաթողիկոսի (607-615 թթ.) կողմից, նախքան կաթողիկոս ընտրվելը, ձեռնադրվել է Տարոնի եպիսկոպոս։
Կոմիտաս Ա Աղցեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Աղձք, Հայաստան[1] |
Մահացել է | 628[1] |
Մահվան վայր | Դվին[1] |
Մասնագիտություն | քահանա, կոմպոզիտոր, բանաստեղծ և երաժիշտ |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է Տարոնի եպիսկոպոսը։ Եռանդուն մասնակցություն է ունեցել ժամանակի դավանաբանական վեճերին, պաշտպանել Հայ եկեղեցու դավանանքը քաղկեդոնականների և նեստորականների ոտնձգություններից։ Կոմիտասն իր մասնակցությունն է բերել եկեղեցաքաղաքական պայքարին նմանապես. նրա հանձնարարությամբ են կազմվել ինչպես «Կնիք հաւատոյ» դավանաբանական ժողովածուն, այնպես էլ «Գիրք Թղթոց»-ը։ «Կնիք հաւատոյ» երկը 1914 թ. հրատարակվել է Կարապետ եպիսկոպոսի կողմից համաձայն Երևանի մատենադարանի թիվ 4640 ձեռագրի (ԺԵ դար)։
Կոմիտասի անունով մեզ են հասել երկու թղթեր։ Առաջին թուղթը «Վասն հաւատոյ» (615 թ.), գրված է Պարսկաստանի եպիսկոպոսների խնդրանքով։ Այն զետեղված է «Գիրք Թղթոց» ժողովածուի մեջ։ Երկրորդ թուղթը (618 թ.) հղված է Երուսաղեմի տեղապահ Մոդեստոս երեցին։ Թղթի պատճենը զետեղված է Սեբէոսի պատմության մեջ (տե՛ս Սեբէոս «Պատմութիւն» Գլուխ ԼԶ 5-28)։ Այստեղ Կոմիտաս կաթողիկոսը իր ուրախությունն է հայտնում ցավալի ընդմիջումից (Երուսաղեմի 614 թ. ավերումից) հետո Հայ Եկեղեցու և Երուսաղեմի միջև վերափոխված հարաբերությունների կապակցությամբ։ Թուղթը շարադրված է քրիստոնեական մխիթարության դասական ավանդների փայլուն իմացությամբ սուրբգրային վկայությունների տեղին օգտագործումով։
Ծավալել է շինարարական և հոգևոր-մշակութային գործունեություն (դրանից էլ՝ Շինող մականունը)։ Ավարտին է հասցրել Դվինի Սբ. Գրիգոր եկեղեցու շինարարությունը, հիմնանորոգել է Վաղարշապատի Սբ. Էջմիածին Կաթողիկեն, 618-ին կառուցել է Էջմիածնի Սբ. Հռիփսիմե վանքը (Գրիգոր Լուսավորչի հիմնած նախկին Վկայարանի տեղում), հետամուտ եղել Սյունյաց, Արշարունյաց, Դվինի կաթողիկոսարանի, Էջմիածնի վանքի, Մայրավանքի դպրոցների, Շիրակի դպրեվանքի և այլ հոգևոր-կրթական կենտրոնների զարգացմանը։
Ս. Հռիփսիմեի տաճարի արևելյան խորշի մեջ Կոմիտաս Աղցեցին թողել է շինարարական արձանագրություն. «Քրիստոս Աստուած, յիշեա զԿոմիտաս Հայոց կաթողիկոս՝ շինող սրբոյ Հռիփսիմէի»։
Կոմիտաս Ա Աղցեցին նաև բանաստեղծ-երաժիշտ էր, հայ շարականերգության նշանավոր ներկայացուցիչներից։ Հայտնի է նրա Սբ. Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված կանոնի օրհնությունը՝ «Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի» շարականը։ Սա ամենայն հավանականությամբ գրվել է նավակատիքի՝ տաճարի բացման արարողության կապակցությամբ՝ ոգեկոչելով Հռիփսիմյան կույսերի հիշատակը։
Կաթողիկոսական գահին Կոմիտաս Ա Աղցեցուն նախորդել է Աբրահամ Ա Աղբաթանեցին, հաջորդել՝ Քրիստափոր Բ Ապահունին։