Կլիշե
From Wikipedia, the free encyclopedia
Կլիշե (ֆր.՝ cliché) կամ շաբլոն դարձվածք[1], արտահայտություն, միտք կամ տարր գեղարվեստական ստեղծագործություններում, որը ժամանակի ընթացքում հաճախակի կիրառվելով կորցրել է իր նախնական իմաստն ու ազդեցությունը այն աստիճան, որ դիտարկվում է ծեծված կամ էլ հնացած։ Հիմնականում կլիշեները այնպիսի արտահայտություններ են, որ ժամանակին համարվում էին իմաստալից և արդիական[2]։ Դարձվածաբանության մեջ եզրույթը ստացել է ավելի շատ մեխանիկական բնույթ և արմատավորվել մարդկանց լեզվում։ Տերմինը հաճախակիորեն օգտագործվում է ժամանակակից մշակույթում բացատրելու մի գործողություն կամ արտահայտություն, որ կանխատեսելի է հիմք ընդունելով նախորդող իրադարձությունները։ Սովորաբար, կլիշեները արտահայտում են բացասական իմաստ։ Կարող են և՛ համապատասխանել, և՛ միևնույն ժամանակ չհամապատասխանել իրականությանը[3]։ Դրանցից մի քանիսը կարծրատիպեր են, իսկ մնացածը փաստեր կամ ճշմարիտ իրողություններ, որոնք ընդունված են բոլորի կողմից[4]։ Կլիշեները մեծ մասամբ օգտագործվում են գեղարվեստական գրականությունում՝ այն ծիծաղաշարժ դարձնելու համար։
Գոյություն ունեն այնպիսի արտահայտություններ, որոնք նախկինում ուշագրավ էին և մեծ ազդեցություն ունեին մարդկանց վրա, իսկ այժմ չափազանց շատ օգտագործման պատճառով կորցրել են իրենց կարևորությունը[5]։ Ֆրանսիացի պոետ Ժեռառ դը Նեռվալի խոսքերով․ «Առաջին տղամարդը, ով համեմատեց կնոջը վարդի հետ հանճարեղ բանաստեղծ էր, իսկ երկրորդ անգամ նման համեմատություն կատարողը պարզապես անմիտի մեկն էր»[6]։ Կլիշեն շատ հաճախ արտահայտում է վերացական գաղափարներ, որոնք արտահայտվում են համաբանության կամ չափազանցության միջոցով՝ ավելի տպավորիչ դարձնելու համար։ Կլիշեների հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնք վերցված են առօրյա կյանքից[7][8]։ Խոսակցական լեզվում կլիշեները որոշ չափով կարող են ազդեցություն թողնել, սակայն հարկ է նշել, որ դրանց օգտագործումը գրավոր և բանավոր խոսքի ժամանակ, ինչպես նաև բանավեճերի ընթացքում կդիտվի որպես գիտելիքի պակասի, անփորձության և անհնարամտության նշան։