Կենսաճարտարագիտություն
գիտության և տեխնոլոգիայի ուղղություն / From Wikipedia, the free encyclopedia
Կենսաճարտարագիտություն կամ կենսաբանական ճարտարագիտություն, գիտության և տեխնոլոգիայի ուղղություն, որը զարգացնում է կենսաբանության և բժշկության մեջ ճարտարագիտական սկզբունքների կիրառումը[1]։
Կենսաճարտարագիտությունը (ներառյալ կենսաբանական համակարգերի ճարտարագիտությունը) կենսաբանության հասկացությունների ու մեթոդների (և, երկրորդ հերթին, ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի) կիրառումն է կենդանի օրգանիզմների կամ դրանց հավելվածների մասին գիտությունների հետ կապված արդիական խնդիրների լուծման նպատակով` օգտագործելով ճարտարագիտական գործի վերլուծական և համադրական մեթոդոլոգիաները, ինչպես նաև գտնված լուծումների արժեքի և գործնականության նկատմամբ նրա ավանդական զգայունությունը։ Այս առումով, չնայած ավանդական ճարտարագիտությունը ֆիզիկա և մաթեմատիկա է կիրառում ոչ կենդանի գործիքների, կառուցվածքների և գործընթացների վերլուծության, նախագծման և արտադրության նպատակով, կենսաբանական ճարտարագիտությունը հիմնականում օգտագործում է մոլեկուլային կենսաբանության արագ զարգացող ոլորտը` կենդանի օրգանիզմների կիրառություններն ուսումնասիրելու և զարգացնելու համար։
Կենսաճարտարագիտության գործունեության ոլորտը տարածվում է արհեստական օրգանների ստեղծումից` տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ օրգանների ու հյուսվածքների աճեցման ուղիների որոնմամբ` վերականգնվող բժշկության մեթոդներով` նվազեցված կամ կորցրած ֆիզիոլոգիական գործառույթները փոխհատուցելու համար (կենսաբժշկական ճարտարագիտություն) մինչև գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մշակումը, օրինակ` գյուղատնտեսական բույսերի և կենդանիների (գենետիկական ճարտարագիտություն), ինչպես նաև կանխորոշված հատկություններով միացությունների մոլեկուլային ձևավորում (սպիտակուցային ճարտարագիտություն, ճարտարագիտական ֆերմենտաբանություն)։ Ոչ բժշկական առումներով կենսաճարտարագիտությունը սերտորեն առնչվում է կենսատեխնոլոգիայի հետ[1]։
Կենսաճարտարագիտության հատկապես կարևոր կիրառումը մարդկանց առողջության հետ կապված խնդիրների վերլուծությունն ու արդյունավետ (ծախսերի շրջանակներում) լուծումն է, սակայն այն միակը չէ. կենսաբանական ճարտարագիտությունն ընդգրկում է գիտելիքների շատ ավելի մեծ ոլորտ։ Օրինակ, բիոմիմետիկան, որը կենսաճարտարագիտության ճյուղ է, փնտրում է կենդանի օրգանիզմների կառույցների և գործառույթների օգտագործման ուղիներ` որպես մեքենաների ու նյութերի մշակման և արտադրության մոդելներ։ Համակարգային կենսաբանությունը, մյուս կողմից, զբաղվում է բարդ արհեստական համակարգերի ճարտարագիտական հասկացությունների կիրառմամբ (հնարավոր է նաև «հետադարձ մշակման» մեջ օգտագործվող հասկացություններ)` բարդ կենսաբանական համակարգերի կառուցվածքների և գործառույթների ըմբռնումը հեշտացնելու համար։
Կենսաբանական ճարտարագիտությունը կենսաբժշկական ճարտարագիտությունից տարբերելը կարող է դժվար լինել, քանի որ շատ համալսարաններ ազատորեն փոխարինում են «կենսաճարտարագիտություն» և «կենսաբժշկական ճարտարագիտություն» տերմինները միմյանց հետ[2]։ Կենսաբժշկական ճարտարագետները հետաքրքրված են բժշկական նորարարություններում կենսաբանության և այլ գիտություններ կիրառմամբ, մինչդեռ կենսաճարտարագետները կենտրոնացած են կենսաբանության կիրառման վրա ընդհանուր իմաստով, և ոչ բնավ բժշկական կարիքների համար։ Հետևաբար, ոչ «կենսաբանական» և ոչ «կենսաբժշկական» ճարտարագիտությունը միմյանց ամբողջովին չեն պարունակում, քանի որ բժշկական կարիքների համար «ոչ կենսաբանական» ապրանքներ կարող են գոյություն ունենալ ոչ բժշկական կարիքների համար նախատեսված «կենսաբանական» ապրանքների հետ միաժամանակ (վերջինս ներառում է նաև կենսահամակարգերի ճարտարագիտություն)։