Լակտոզային անտանելիություն
From Wikipedia, the free encyclopedia
Լակտոզային անտանելիություն, հիվանդագին վիճակ է, որի դեպքում դիտվում են ախտանիշներ կապված լակտոզայի մարսման անբավարարության հետ։ Լակտոզան շաքարի տեսակ է, որը հայտնաբերվում է կաթնամթերքում[1]։ Ախտահարման աստիճանը կախված է լակտոզայի քանակից, որը տանելի է եղել տվյալ մարդու կողմից մինչև ախտանիշների ի հայտ գալը[1]։ Ախտանիշներից են որովայնային ցավը, փքվածությունը, լուծը, մետեորիզմը և սրտխառնոցը[1]։ Այս ախտանիշները սովորաբար սկսվում են կաթնամթերք օգտագործելուց 30 րոպեից մինչև 2 ժամ հետո[1]։ Ծանրությունը պայմանավորված է կաթնամթերքի քանակով, որը տվյալ մարդը օգրտագործում է[1]։ Լակտոզային անտանելիությունը չի վնասում ստամոքսաղիքային համակարգը[3]։
Լակտոզային անտանելիություն | |
---|---|
Լակտոզը կազմված է երկու պարզ շաքարներից | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Լակտոզան մարսելու թուլացած ունակություն (ժառանգական, բարակ աղու վնասում)[1] |
Հիվանդության ախտանշաններ | Որովայնային ցավ, փքվածություն, լուծ, մետեորիզմ, սրտխառնոց[1] |
Բուժաքննություն | hydrogen breath test?[2], fecal pH test?[2], արյան բիոքիմիական հետազոտություն, բիոպսիա, Քրոմատագրաֆիա և գենետիկ թեստ |
Բժշկական մասնագիտություն | Գաստրոէնտերոլոգիա |
ՀՄԴ-9 | 271.3 |
Հոմանիշներ | Լակտազային անբավարարություն, հիպոլակտազիա |
Ախտորոշում | Լակտոզան սննդակարգից դուրս հանելուց հետո ախտանիշների բարելավում[1] |
Տարբերակիչ ախտորոշում | Գրգռված աղու համախտանիշ, ցելիակիա, աղիների բորբոքային հիվանդություններ, կաթի նկատմամբ ալերգիա[1] |
Բուժում | Սննդակարգում լակտոզայի քանակի պակասեցում, լակտազային հավելումներ, հիմքում ընկած պատճառի բուժում[1] |
Բարդություններ | Վնաս չի հասցնում ստամոքսաղիքային համակարգին[3] |
Սկիզբը | Կաթնային սնունդ ընդունելուց 30–120 րոպե հետո[1] |
Հանդիպման հաճախականություն | 10% (Հյուսիսային Եվրոպա) to 95% (Ասիայի և Աֆրիկայի որոշ հատվախներ)[4] |
Lactose intolerance Վիքիպահեստում |
Լակտոզային անտանելիություն զարգանում է բարակ աղիքներում գտնվող լակտազա ֆերմենտի անբավարարության պատճառով, որը քայքայում է լակտոզան և առաջացնում գլյուկոզ, գալակտոզ[4]։ Տարբերում են չորս տեսակներ՝ առաջնային, երկրորդային, զարգացումային և բնածին[1]։ Առաջնային լակտոզային անտանելիությունը առաջանում է տարիքի հետ լակտազայի քանակի պակասելու պատճառով[1]։ Երկրորդային լակտոզային անտանելիությունը առաջանում է բարակ աղու վնասումից, որը կարող է լինել ինֆեկցիաներից, ցելիակիայից, աղիների բորբոքային հիվանդություններից և այլ հիվանդություններից[1][5]։ Զարգացումային լակտոզային անտանելիությունը առաջանում է վաղ ծնված երեխաների մոտ և սովորաբար անցնում է կարճ ժամանակում[1]։ Բնածին լակտոզային անտանելիություն շատ հազվադեպ գենետիկ հիվանդություն է, որի դեպքում ի ծնե շատ քիչ է արտադրվում լակտազա[1]։
Ախտորոշումը հաստատվում է, եթե ախտանիշները վերանում են լակտոզան սննդակարգից հանելուց հետո[1]։ Այլ թեստերից են նաև ջրածնի շնչառական թեստը և կղանքի թթվայնության թեստը[1]։ Նման ախտանիշներով այլ հիվանդագին վիճակներից են գրգռված աղու համախտանիշը, ցելիակիան և աղիների բորբոքային հիվանդությունները[1]։ Լակտոզային անտանելիությունը տարբերվում է կաթնային ալերգիայից[1]։ Բուժման ժամանակ իջեցնում են սննդակարգի մեջ լակտոզայի քանակը, օգտագործում են լակտազային հավելումներ, կամ բուժում են պատճառ հանդիսացող հիվանդությունը[1][6]։ Սովորաբար մարդիկ կարողանում են խմել օրական ամենաքիչը մեկ մեկ բաժակ կաթ՝ առանց ախտանիշների զարգացման։ Հատկապես տանելի է լինում սննդի հետ օգտագործման դեպքում[1][7]։
Լակտոզայի անբավարարությունով մեծահասակների հստակ քանակը անհայտ է[8]։ Գնահատումներից մեկով համաշխարհային բնակչության 65%-ը ունի լակտոզային անտանելիություն[9]։ Լակտոզային անտանելիության հաճախականությունը տարբերվում է կախված տարածաշրջանից։ Այն 10%-ից քիչ է Հյուսիսային Եվրոպայում և հասնում է մինչև 95% Ասիայի և Աֆրիկայի որոշ մասերում[4]։ Սկիզբը սովորաբար մանկության ուշ շրջանում է, կամ հասունության վաղ շրջանում[1]։ Լակտոզան մարսելու ունակությունը առաջացել է մի քանի մարդկային պոպուլյացիաներում իրարից անկախ և առաջացել է որպես կաթնատու կենդանիներ պահելուն ադապտացիա՝ 10,000 տարի առաջ[4][10][11]։