Թութք
From Wikipedia, the free encyclopedia
Թութք (հեմորոյ), անոթային մարմնիկներ հետանցքային խողովակում (անալ կանալ)[1][2]։ Իրենց բնականոն վիճակում նրանք երակային բարձիկներ են, որոնք օգնում են կղազատման կարգավորման ֆունկցիային[3]։ Այդ բարձիկների այտուցվածությունը կամ ինֆեկցումը արդեն համարվում է հեմորոիդալ հիվանդություն, սակայն հեմորոյ տերմինը հաճախ վերագրվում է այս հիվանդությանը, ոչ նրա բնականոն վիճակին[2]։ Նախանշաններն ու ախտանշանները կախված են թութքի տեսակից (արտաքին և ներքին)[4]։ Ներքին թութքը հիմնականում արտահայտվում է անցավ, ալ կարմիր ուղիղ աղիքային արյունահոսությունով կղազատման ժամանակ[5][6]։ Արտաքին թութքը հաճախ հանդես է գալիս հետանցքի շուրջ այտուցով և ցավով[6]։ Եթե արտաքին հանգույցը արյունահոսում է, արյան գույնն ավելի մուգ է[6]։ Մի քանի օրվա ընթացքում առաջ է գալիս ախտանշանների արտահայտվածության նվազում[5]։ Թութքի արտաքին հանգույցների ինքնալավացումից հետո հնարավոր է մնացորդային մաշկային ծալքերի առաջացում[6]։
Թութք | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ընդհանուր վիրաբուժություն |
ՀՄԴ-10 | K64 |
Hemorrhoids Վիքիպահեստում |
Մինչդեռ թութքի առաջացման հիմնական ախտապատճառները մնում են անհայտ, ընդունված է համարել խթանիչներ այն բազմաթիվ պատճառները, որոնք առաջ են բերում որովայնի խոռոչում ճնշման բարձրացում[6]։ Նրանց թվին են պատկանում փորկապությունը, լուծը և զուգարանակոնքին երկար նստելը[5]։ Թութքը նաև բնորոշ է հղիության ընթացքին[5]։ Ախտորոշումը կատարվում է տվյալ շրջանի արտաքին զննմամբ[5]։ Շատերը հետանցքի շուրջ առկա խնդիրները վերագրում են արտաքին թութքին, սակայն այդ ախտանշանների ավելի լուրջ պատճառները պետք է առաջնահերթ ժխտել[3]։ Կոլոնոսկոպիան և ռեկտորոմանոսկոպիան թույլ կտան ախտորոշել ավելի բարդ հիվանդությունները[7]։
Հաճախ յուրահատուկ բուժման կարիք չի լինում[7]։ Սկզբնական կանխարգելիչ միջոցառումները ներառում են բջջանյութի (բուսական սննդի) ընդունման ավելացում, հեղուկների առատ ընդունում, ՈՍՀԴ-ների ընդունում ցավերի դեպքում և հանգիստ[8]։ Ընդունված է բուժիչ քսուկների տեղային կիրառումը, բայց նրանց արդյունավետությունը փաստացի ցածր է[7]։ Կարելի է իրագործել բազմաթիվ միջամտություններ, եթե ախտանշանները արտահայտված են և պահպանողական միջոցառումները չեն նպաստում վերջիններիս լավացմանը[9]։ Վիրահատությունը ցուցված է պահպանողական բուժման և միջոցառումների անարդյունավության դեպքում[9]։
Մարդկանց մոտ 50-66%-ը ունենում են թութքի խնդիր կյանքի որևիցե փուլում[5][8]։ Տղամարդիկ և կանայք մոտավորապես նույն հավանականությամբ են հիվանդանում[8]։ Ավելի հաճախ թութքով հիվանդանում են 45-65 տարեկան անձինք[10]։ Սոցիալապես ավելի ապահով խավը և առավելապես նստակյաց կյանք վարող անձինք գտնվում են բարձր ռիսկի խմբում[6]։ Հիվանդության ելքը հիմնականում բարեհաջող է[5][7]։ Հիվանդության մասին առաջին գրառումները եղել են դեռ հին եգիպտական պապիրուսներում 1700 մ.թ.ա.[11]: