Էքսելոն տաղավարներ
From Wikipedia, the free encyclopedia
Էքսելոն տաղավարներ (անգլ.՝ Exelon Pavilions), Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում Չիկագոյի Քուք կոմսության Լուպ համայնքի տարածքում գտնվող չորս շենքեր են, որոնք էլեկտրական հոսանք են արտադրում արևի էներգիայից և ապահովում են մուտք Միլենիում պարկի (անգլ.՝ Millennium Park) ստորգետնյա կայանատեղի[1]։ Հյուսիսարևելյան Էքսելոն և հյուսիսարևմտյան Էքսելոն տաղավարները (համատեղ հյուսիսային Էքսելոն տաղավարներ) գտնվում են Ռենդոլֆ փողոցի երկայնքով ձգվող զբոսայգու հյուսիսային եզրին և հարում են Հարիս թատրոնին։ Հարավարևելյան Էքսելոն և հարավարևմտյան Էքսելոն տաղավարները (համատեղ հարավային Էքսելոն տաղավարներ) եզրափակում են Մոնրոյի փողոցի երկայնքով ձգվող Լուրիե Գարդեն (անգլ.՝ Lurie Garden) զբոսայգու հարավային եզրը։ Տաղավարները միասին արտադրում են տարեկան մոտ 2350 դոլար արժողությամբ[2] 19,840 կՎտժ էլեկտրաէներգիա[3]։
Տեսակ | կառույց |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Չիկագո |
Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
Սեփականատեր | Չիկագո |
Հիմնադրված է | նոյեմբեր 2004 |
Բացված | ապրիլի 30, 2005 |
Ճարտարապետ | Ռենցո Պիանո |
7 միլիոն դոլար արժողությամբ չորս տաղավարները[4] նախագծվել են 2001 թվականի հունվարին; շինարարությունը սկսվել է 2004 թվականի հունվարին։ Հարավային տաղավարների շինարարությունը ավարտվել և դրանք բացվել են 2004 թվականի հուլիսին, իսկ Հյուսիսային տաղավարներն ավարտվել են 2004 թվականի նոյեմբերին, հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 30-ին[5] : Էներգիա արտադրելուց բացի, չորս տաղավարներից երեքը ապահովում են այգու ներքևում գտնվող ավտոկայանատեղերի մուտքը[6], իսկ չորրորդը ծառայում է որպես այգու ողջույնի կենտրոն և գրասենյակ[7] ։ Էքսելոն ընկերությունը, որն էլեկտրաէներգիա է արտադրում և տեղափոխում իր դուստր Commonwealth Edison (ComEd) ընկերության միջոցով[4], տաղավարների համար նվիրաբերել է 5,5 միլիոն դոլար[3][8][9] : Chicago Tribune թերթի ճարտարապետության քննադատ Բլեր Քամինը բարձր է գնահատել Հարավային տաղավարները որպես «փոքր մոդեռնիստական զարդեր», բայց քննադատել է Հյուսիսային տաղավարները՝ համարելով «գրեթե բոլորովին սև և անթափանց»[4]։ Հյուսիսային տաղավարները արժանացել են Միացյալ Նահանգների Կանաչ շենքերի խորհրդի «Առաջնորդություն Էներգետիկայի և բնապահպանական դիզայնի բնագավառում» մրցանակի (LEED) արծաթե վարկանիշին, ինչպես նաև պարգևատրվել են Ջեռուցման, հովացման և օդորակման ճարտարագետների ամերիկյան ընկերության (ASHRAE) մրցանակով[4]։