Էնդոմետրիալ քաղցկեղ
From Wikipedia, the free encyclopedia
Էնդոմետրիալ քաղցկեղ (լատին․՝ Carcinoma corporis uteri), քաղցկեղի տարատեսակ, որը ծագում է էնդոմետրիումից (արգանդը պատող լորձաթաղանթից)[1]։ Դա բջիջների ոչ նորմալ աճի արդյունքն է, որոնք ունեն մարմնի այլ տարածքներ ներխուժելու կամ տարածվելու կարողություն[2]։ Առաջին նշանն առավել հաճախ հեշտոցային արյունահոսությունն է, որը կապված չէ դաշտանային ցիկլի հետ[1]։ Այլ նշանները ներառում են ցավը միզարձակման, սեռական հարաբերության ժամանակ կամ կոնքի շրջանում[1]։ Ավելի հաճախ Էնդոմետրիալ քաղցկեղը առաջանում է դաշտանադադարից հետո[3]։
Էնդոմետրիալ քաղցկեղ Carcinoma corporis uteri | |
---|---|
Էնդոմենտրիալ քաղցկեղի տեղադրությունն ու զարգացումը | |
Տեսակ | էպիթելային |
Վնասում է | endometrium? |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
ՀՄԴ-9 | 182.0 |
Հաճախություն | 3.8 միլիոն |
Մահացություն | 89 900 (2015) |
Endometrial cancer Վիքիպահեստում |
Մոտ 40% դեպքերը կապված են ճարպակալման հետ[4]։ Էնդոմետրիալ քաղցկեղը նաև կապված է էստրոգենների ավելցուկային արտադրության, արյան բարձր ճնշման և դիաբետի հետ[1]։ Թեև միայն էստրոգենի առկայությունը մեծացնում է էնդոմետրիալ քաղցկեղի առաջացման ռիսկը, էստրոգենի և պրոգեստոգենի համադրությունը, ինչպես հակաբեղմնավորիչ դեղերի մեծ մասը, նվազեցնում է ռիսկը[1][4]։ Դեպքերի 2-5%-ը կապված է ծնողներից ժառանգված գեների հետ[4]։ Էնդոմետրիալ քաղցկեղը երբեմն սխալմամբ կոչվում է «արգանդի քաղցկեղ», չնայած այն տարբերվում է արգանդի քաղցկեղի այն ձևերից, ինչպիսիք են արգանդի վզիկի քաղցկեղը, արգանդի սարկոման և տրոֆոբլաստիկ հիվանդությունը[5]։ Էնդոմետրիալ քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տեսակը էնդոմետրիալ կարցինոման է, որը ընդգրկում է դեպքերի շուրջ 80%-ը[4]։ Էնդոմետրիալ քաղցկեղը սովորաբար ախտորոշվում է էնդոմետրիալ բիոպսիայի կամ կյուրետաժի ժամանակ նմուշներ վերցնելու միջոցով[1]։ Պապ քսուկը սովորաբար բավարար չէ էնդոմետրիալ քաղցկեղը հայտնաբերելու համար[6]։ Նորմալ ռիսկով անձանց պարբերաբար հսկումը ցուցված չէ[7]։
Էնդոմետրիալ քաղցկեղի բուժման հիմնական տարբերակն որովայնային հիստերէկտոմիան է (արգանդի ընդհանուր հեռացում՝ վիրահատական եղանակով), ինչպես նաև երկու կողմերում ընկած ֆալոպյան փողերի և ձվարանների հեռացումը, որը կոչվում է երկկողմանի սալփինգոօֆորէկտոմիա[6]։ Ավելի բարդացած դեպքերում կարող են նաև առաջարկվել ճառագայթային թերապիա, քիմիաթերապիա կամ հորմոնալ թերապիա[6]։ Եթե հիվանդությունը ախտորոշվել է վաղ փուլում, ապա արդյունքը բարենպաստ է[6], և Միացյալ Նահանգներում ընդհանուր հինգ տարվա ապրելիության մակարդակը 80%-ից ավելի է[8]։
2012 թվականին էնդոմետրիալ քաղցկեղի դեպքեր հայտնաբերվեցին 320000 կանանց մոտ և բերեցին 76000 մահերի[9]։ Այն դարձավ 3-րդը ամենահաճախ միայն կանանց ախտահարող քաղցկեղների շարքում՝ ձվարանների և արգանդի վզիկի քաղցկեղից հետո[9]։ Հաճախ հանդիպում է զարգացած աշխարհում[9] և կանանց վերարտադրողական համակարգի շրջանում ամենահաճախ դիտվողն է զարգացած երկրներում[6]։ Էնդոմետրիալ քաղցկեղի տեմպերը աճել են մի շարք երկրներում 1980-ականներից մինչև 2010-ը[9]։ Դա ենթադրվում է, որ պայմանավորված է տարեցների աճող քանակի և գիրության աճող տեմպերի հետ։