Զբոսաշրջությունն Իտալիայում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունն Իտալիայում, Իտալիայի տնտեսության եկամտային ոլորտ, հիմնված է վերականգնվող ռեսուրսների վրա։ Իտալիան աշխարհի հինգերորդ երկիրն է ըստ այցելության և չորրորդն ըստ զբոսաշրջության եկամտի։ Բացի չոր վիճակագրությունը, անհրաժեշտ է նշել, որ Հին Հռոմի ժառանգորդը դարձած երկիրը գրավում է զբոսաշրջիկներին դեպի անտիկ աշխարհ կատարվող արտասովոր ուղևորությամբ։ Իտալիան եվրոպական քաղաքակրթության բնօրրանն է, և այն որքան հնարավոր է` պահպանել է իր անցյալն ու միլիոնավոր եվրոներ է ներդնում ճարտարապետական հուշարձանների վերանորոգման համար։ Պիզայի աշտարակի վերանորոգման նախագիծը իտալացի հարկատուներին արժեցել է 25 միլիոն եվրո։ Հռոմի Խաղաղության խորանը ծածկվել է 20 միլիոն եվրո արժողությամբ ապակե սարկոֆագով։ Իտալիայի տեսարժան վայրերի արժեքը քննարկումների ու նուրբ հաշվարկների առիթ է։ Սակայն որպես հիպոթեզ իտալացի տնտեսագետները[1] տեսական հաշվարկներ են արել իտալական զբոսաշրջության մի քանի «ադամանդների» վերաբերյալ։ Կոլիզեյի տեսական արժեքը կազմում է 91 միլիարդ եվրո, Վատիկանի թանգարանինը` 90 միլիարդ, իսկ Տոսկանայի Կյանտիի բլուրները` 4 միլիարդ եվրո։
Ըստ ISTAT-ի տվյալների՝ Իտալիան հինգերորդ ամենաշատ այցելվող երկիրն է միջազգային զբոսաշրջության ժամանումների թվով՝ տարեկան 65 միլիոն զբոսաշրջիկով (2019)։ Ըստ Իտալիայի Բանկի 2018 թվականի գնահատումների՝ զբոսաշրջության ոլորտն ուղղակիորեն ապահովում է ազգային ՀՆԱ-ի ավելի քան հինգ տոկոսը (13 տոկոս՝ հաշվի առնելով նաև անուղղակի ձևավորված ՀՆԱ-ն) և ապահովում է ժողովրդի զբաղվածության ավելի քան վեց տոկոսը[2][3]։
Ներկայումս Իտալիայում զբոսաշրջիկների հետաքրքրության գրավականն են հիմնականում մշակույթը, խոհանոցը, պատմությունը, նորաձևությունը, ճարտարապետությունը, արվեստը, կրոնական վայրերը, բնական գեղեցկությունները, գիշերային կյանքը, ստորջրյա աշխարհն ու առողջարանները։ Ձմեռային և ամառային զբոսաշրջությունը զարգացած է Ալպերի և Ապենինների շատ վայրերում[4], մինչդեռ ծովափնյա զբոսաշրջությունը տարածված է Միջերկրական ծովի ափամերձ վայրերում[5]։ Փոքր, պատմական իտալական գյուղերը գովազդվում են «Իտալիայի ամենագեղեցիկ գյուղերը» ասոցիացիայի միջոցով։ Իտալիան Սուրբ Ծննդյան տոների ընթացքում զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող երկրների շարքում է[6]։ Հռոմը 3-րդ ամենաշատ այցելվող քաղաքն է Եվրոպայում և 12-րդը՝ աշխարհում՝ 2017 թվականին 9,4 միլիոն ժամանողով[7], մինչդեռ Միլանը Եվրոպայի 5-րդ ամենաշատ այցելվող քաղաքն է և 16-րդը[8][9]՝ աշխարհում՝ 8,81 միլիոն զբոսաշրջիկով[10]։ Վենետիկն ու Ֆլորենցիան նույնպես աշխարհի 100 լավագույն ուղղությունների թվում են։
Իտալիան նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների թվով (58) ամենաշատն ունեցող երկիրն է աշխարհում[13]։ Իտալիայի 58 ժառանգության վայրերից 53-ը մշակութային են, իսկ 5-ը՝ բնական[14]։
Հռոմեական կայսրությունը, միջնադարը, վերածնունդը և Իտալիայի պատմության հաջորդ դարերը թողել են բազմաթիվ մշակութային արտեֆակտներ, որոնք գրավում են զբոսաշրջիկներին[15]։ Ընդհանուր առմամբ, իտալական մշակութային ժառանգությունը ամենամեծն է աշխարհում, քանի որ այն բաղկացած է բոլոր գեղարվեստական արժեքների 60-75 տոկոսից, որոնք գոյություն ունեն յուրաքանչյուր մայրցամաքում[16]՝ ավելի քան 4000 թանգարաններով, 6000 հնագիտական վայրերով, 85.000 պատմական եկեղեցիներով և 40.000 պատմական ամրոցներով, որոնք ենթակա են պահպանության Իտալիայի մշակույթի նախարարության կողմից[17]։ 2018 թվականի դրությամբ իտալական մշակութային վայրերը (որոնք ներառում են թանգարաններ, տեսարժան վայրեր, զբոսայգիներ, արխիվներ և գրադարաններ) կազմել են 6610։ Իտալիան Միջերկրական ծովում կռուիզային զբոսաշրջության առաջատար ուղղությունն է[18]։
Իտալիան ունի 1-5 աստղանի հյուրանոցների լայն տեսականի։ ISTAT-ի տվյալներով՝ 2017 թվականին կար 32 988 հյուրանոց՝ 1 133 452 սենյակով և 2 239 446 մահճակալով։ Ինչ վերաբերում է հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտներին (ճամբարներ, զբոսաշրջային գյուղեր, վարձով կացարաններ, ագրոտուրիզմ և այլն), ապա 2017 թվականին դրանց թիվը կազմել է 171915՝ 2 798 352 մահճակալով։ Զբոսաշրջային հոսքը դեպի ափամերձ հանգստավայրեր կազմում է 53 տոկոս։ Լավագույն ենթակառուցվածքներով քաղաքներն են՝ Գրոսետոն՝ ֆերմերային տների համար (217), Վիեստեն՝ ճամբարների և զբոսաշրջային գյուղերի համար (84) և Կորտինա դ'Ամպեցցոյի լեռնային խրճիթները (20)[19][20]։