Դիալեկտիկա
From Wikipedia, the free encyclopedia
Դիալեկտիկա (հին հունարեն՝ διαλεκτική -վիճելու արվեստ), փիլիսոփայական ուսմունք բնության, հասարակության և մտածողության (իմացության) զարգացման առավել ընդհանուր օրինաչափությունների մասին։ «Դիալեկտիկա» տերմինը ծագել է հունարեն διαλεκτική τέχνη արտահայտությունից, որ նշանակում է բանավիճելու արվեստ, որևէ դրույթի ճշմարտության մեջ համոզելու այն եղանակը, երբ հարց ու պատասխանի միջոցով աստիճանաբար ճշգրտվում է քննարկվող դրույթը, որոշակիացվում են օգտագործվող հասկացությունները։ Այսպիսով, ճշմարտությունը ներկայանում է ո՛չ միանգամից տրված՝ բացարձակ ու վերջնական, այլ որպես ընթացք՝ հակասությունների առաջացման ու հաղթահարման միջոցով ծնվող, այսինքն՝ ոչ վերջնական, հարաբերական։ Հարաբերականության, ընթացքի ու հակասականության այս հատկանիշներով է ընդհանրացվել «դիալեկտիկա» տերմինը՝ վերագրվելու ամեն մի ուսմունքի, որն այդ հատկանիշներով է բնութագրում մեր մտածողությունը՝ մեր պնդումներն աշխարհի մասին, կամ հենց աշխարհը։ Աշխարհի նկատմամբ այդպիսի հայացք է մշակել Հերակլիտը․ սա «տարերային» դիալեկտիկա է, քանի որ հիմնված է անմիջական հայեցողության (դիտումների) վրա։ Ի տարբերություն Հերակլիտի, էլեական դպրոցի ներկայացուցիչները՝ կշռադատության հարց ու պատասխանի եղանակի հայտնաբերողները, աշխարհի իսկական էությունը համարել են նրա ամբողջականությունը, միասնականությունը, որը պետք է ընդունել իբրև նախապես տրված՝ այս իմաստով «անշարժ», քանի որ անվերջը (ամբողջը) չի կարող ստացվել որպես վերջավոր մասերի գումար, անընդհատը՝ դիտվել ընդհատի միակցություն, շարժումը՝ դադարի պահերի շարք։ Զենոն Էլեացու ձևակերպած համապատասխան ապորիաները գնահատվել են որպես «բացասական» դիալեկտիկա։ Սոփեստներն առավել ուշադրություն են նվիրել ճշմարտության հարաբերականությանը (հասկացությունների ճկունությանն ու պնդումների ոչ բացարձակությանը), օգտագործել այս հանգամանքն իրենց «համոզման արվեստում»։ Տրամաբանական ռելյատիվիստական այս ուսմունքը Հեգելն անվանել է «սուբյեկտիվ», «արտաքին» դիալեկտիկա, իսկ Սոկրատեսի ու Պլատոնի դիալեկտիկան՝ «իսկական», «օբյեկտիվ», քանի որ հասկացությունների վերլուծությունը և մտքի առաջընթացը հակասությունների միջոցով ծառայում են ո՛չ թե պարզապես համոզմանը, այլ բուն առարկաների ընդհանրական էության («օրենքի», «սկզբունքի») հայտնաբերմանը։ Ստեղծված ավանդույթին համապատասխան, Արիստոտելի տրամաբանության մեջ դիալեկտիկան առնչվում է այնպիսի մտահանգումների հետ, որոնց սոսկ տրամաբանական ձևն է ճշմարիտ (կանոնավոր), իսկ նախադրյալների ճշմարտությունն անհրաժեշտաբար չի հիմնավորված (հարաբերական է՝ պատահական, անկայուն, անցողիկ), ի տարբերություն անալիտիկայի, որը հետազոտում է ապացուցողական՝ բացարձակ ճշմարիտ կանխադրույթներից ելնող կշռադատությունը․ այս ըմբռնումն արտացոլել է նաև Դավիթ Անհաղթը՝ Արիստոտելին մեկնելիս (Դաւիթ Անյաղթ, «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի»)։