Դաունթոնի աբբայություն
From Wikipedia, the free encyclopedia
«Դաունթոնի աբբայություն» կամ «Դաունթոն» (անգլ.՝ Downton Abbey), բրիտանական պատմական դրամատիկական հեռուստասերիալ։ Ստեղծվել է Ջուլիան Ֆելոուսի կողմից։ Հեռուստասերիալի պրեմիերան Մեծ Բրիտանիայում կայացել է 2010 թվականին ITV, Ռուսաստանում՝ 2011 թվականի հունվարի 9-ին PBS հեռուստաալիքով։
Հեռուստասերիալի իրադարձությունները տեղի են ունենում 1912-1926 թվականներին Յորքշիր կոմսության (Անգլիա) տարածքում գտնվող Դաունթոնի աբբայության քաղաքամերձ կալվածքում։ Սյուժեի հիմքում ընկած է Քրոուլի արիստոկրատ ընտանիքի և նրանց ծառաների պատմությունը Էդվարդյան դարաշրջանում, երբ Մեծ Բրիտանիայում մի շարք պատմական իրադարձությունների ազդեցության տակ փոխվում էր սոցիալական պաշտոնակարգությունը։
Սերիալում իրենց արտացոլումն են գտել այնպիսի պատմական իրադարձություններ, ինչպիսիք են Տիտանիկի խորտակումը (առաջին եթերաշրջան), Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը և իսպանական գրիպի համավարակը (երկրորդ եթերաշրջան), Իռլանդիայի անկախության պատերազմը և Իռլանդիայի ազատ պետության ձևավորումը (երրորդ եթերաշրջան), 1923 թվականի բրիտանական համընդհանուր ընտրությունները, Ամրիթսարի կոտորածը և Գարեջրային հեղաշրջումը (հինգերորդ եթերաշրջան)։ Վեցերորդ եթերաշրջանում պատմվում է բանվորական շարժման, միջռազմական ժամանակաշրջանի և բրիտանական արիստոկրատիայի անկման մասին։
Վեց եթերաշրջանների ընթացքում սերիալը արժանացել է 3 «Ոսկե գլոբուս», 15 «Էմմի» մրցանակների և առաջադրվել 69 անվանակարգերում։ Հենց դրա շնորհիվ է, որ այն «Էմմի»-ի ամբողջ պատմության մեջ դարձել է ամենաշատ անվանակարգերում առաջադրված ոչ ամերիկյան հեռուստասերիալը[3]։ 2011 թվականին «Դաունթոնի աբբայությունը» մտել է Գինեսի ռեկորդների գիրք, որպես քննադատների ամենաբարձր գնահատականներին արժանացած հեռուստասերիալ[4]։
2015 թվականի մարտի 26-ին հայտարարվել է նրա մասին, որ վեցերորդ եթերաշրջանը կեզրափակի հեռուստասերիալը[5]։ Այն ITV հեռուստաալիքի եթերում հեռարձակվել է 2015 թվականի սեպտեմբերի 20-ին մինչև 2015 թվականի նոյեմբերի 8-ը։
2018 թվականի հուլիսի 13-ին պաշտոնապես հայտարարվել է լիամետրաժ ֆիլմի կայանալիք նկարահանումների մասին նորությունը, որը պետք է դառնար հեռուստասերիալի շարունակությունը[6]։ Նկարահանմանը մասնակցել են բոլոր առանցքային դերակատարները, իսկ սցենարը գրել է Ջուլիան Ֆելոուսը։ Ֆիլմը Մեծ Բրիտանիայում թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին, ԱՄՆ-ում՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի սեպտեմբերի 21-ին[7]։
2020 թվականի ապրիլին սերիալի պրոդյուսեր Գարեթ Նիմը հայտարարել է, որ շուտով սցենար կգրի նաև երկրորդ լիամետրաժ ֆիլմի համար[8]։