Գյուղատնտեսությունը Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։ 1998-2002 թվականներին ագրոարդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 35%, որից 23-26%-ը կազմում է գյուղատնտեսությունը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հանրապետության ընդհանուր 2974,3 հազար հեկտար հողային տարածքներից 46,8%-ը կամ 1391,4 հազար հեկտարը կազմում են հանդերը, որից վարելահողերը կազմում են 494,3 հազար հեկտար, բազմամյա տունկերը (պտղատու այգիներ և խաղողի այգիներ)՝ 63,8 հազար հա, խոտհարքը՝ 138,9 հազար հա, արոտավայրերը՝ 494,0 հազար հա և անմշակ հողերը՝ 0,4 հազար հա։
Հայաստանը ագրոկենսաբազմազանության կարևոր կենտրոն է համարվում։ Հողագործությունը և այգեգործությունն այստեղ զարգացել են մի քանի հազարամյակ շարունակ։ Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ զարգացել է գյուղատնտեսությունը։ Հայաստանի հարուստ ագրոկենսաբազմազանությունը ներկայացված է վայրի հատիկաբույսերով, ուտելի բույսերով և տարատեսակ բույսերի և կենդանիների մեծ քանակությամբ։
Հայաստանում հանդիպող բազմազան հատիկաբույսերն (218 տարատեսակներից 22-ը կա այստեղ) օգտագործվել են սելեկցիայի միջոցով նոր տեսակներ ստանալու համար։ Այժմ Հայաստանում աճեցվում է մեծ քանակությամբ բազմազան բույսեր, այդ թվում՝ հացահատիկային բույսերի 6 տեսակ, 366 ուտելի բույսեր, 62 տեսակ միրգ և 65 տեսակ բանջարեղեն։ Ընդհանուր առմամբ 521 տեսակ բույսերից Հայաստանում հանդիպում է 16%-ը։