Բալետմայստեր
From Wikipedia, the free encyclopedia
Բալետմայստեր (գերմ.՝ Ballettmeister), բալետի, պարերի, երգչախմբային համարների, օպերայում և բալետում պարային համարների հեղինակ և բեմադրող[1]։ Բալետմաստերը ստեղծում է պարային համարներ, կարգավորում է շարժումները, ընտրում է կերպարների գրիմը ու հագուստները, ինչպես նաև դեկորային ցուցադրությունները։ Այս ամենը միտված են իդեալական մթնոլորտ ստեղծելու համար։ Պարի կամ ներկայացման պատրաստությունը տեղի է ունենում փորձերի ժամանակ։ Եզրափակիչ արարողությունը լինում է հանդիսատեսին կամ հեռուստադիտողին ներկայացման կամ բալետի ցուցադրությունը։
Հենվելով գրական սցենարի՝ լիբրետտոյի թեմատիկ զարգացման և երաժշտական կառուցվածքային ձևերի, ներկայացման նկարչական-դեկորատիվ ձևավորման վրա, օգտագործելով պարի և մնջախաղի արտահայտչամիջոցները՝ ստեղծում է բալետի բեմական գործողության ռեժիսորական կոմպոզիցիան և խորեոգրաֆիկ տեքստը։ Բեմադրման տարբեր փուլերում համագործակցում է կոմպոզիտորի, դիրիժորի, նկարչի, սցենարիստի և դրամատիկական տեսարանների ռեժիսորի հետ։ Գեղարվեստական մտահղացման իրագործումն անմիջականորեն պայմանավորված է պարող-արտիստներով։ Բալետի բեմադրությանը մեծապես նպաստում է նաև բալետմայստեր-փորձավարը, որի շնորհիվ պարողները յուրացնում են դերապարերը։
Հայկական բալետի ձևավորմանն ու զարգացմանը մեծապես նպաստել են բալետմայստերներ Իլյա Արբատովը, Ազատ Ղարիբյանը, Վիլեն Գալստյանը, Մաքսիմ Մարտիրոսյանը, Եվգենի Չանգան, Զարեհ Մուրադյանը, Ա. Ասատրյանը և ուրիշներ։