Ավետարան ըստ Մատթեոսի
From Wikipedia, the free encyclopedia
Ավետարանների դասավորման մեջ առաջինը Մատթեոսի Ավետարանն է։ Այս Ավետարանի հեղինակը Մատթեոս առաքյալն է (9.9), որը կոչվել է նաև Ղևի (Մր 2.14, Ղկ 5.27)։ Մատթեոսը պաշտոնով մաքսավոր էր, այսինքն՝ հարկահավաք, երբ Հիսուսը առաքելության կանչեց նրան։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մատթեոսի Ավետարանն իր ընթերցողներին, հատկապես իր ժամանակի հրեա քրիստոնյաներին հայտնում է, որ Հիսուսն է այն Փրկիչը, որ Աստված խոստացել էր Հին Կտակարանի մարգարեությունների մեջ։ Հիսուսը միայն եբրայեցի ժողովրդի Փրկիչը չէ, այլ ամբողջ աշխարհի։
Մատթեոսն իր Ավետարանը գրել է ժամանակագրական կարգով. այն սկսում է Հիսուսի ազգաբանությամբ և ծնունդով, նկարագրում է նրա մկրտությունն ու փորձությունը և ապա նրա քարոզչությունն ու բժշկությունները։ Այնուհետև նա նկարագրում է վերջին անգամ Հիսուսի մուտքը Երուսաղեմ, նրա կյանքի վերջին շաբաթվա դեպքերը, խաչելությունն ու հարությունը։
Մատթեոս ավետարանիչը Հիսուսին ներկայացնում է որպես այն մեծ ուսուցիչը, որ իշխանություն ունի մեկնաբանելու Աստծու Օրենքը և քարոզելու Աստծու արքայության մասին։ Հիսուսը Աստծու Օրենքի և Ուխտի հավատարիմ ծառան է, որը կատարում և ամբողջացնում է Աստծու ծրագիրը։ Մատթեոսի Ավետարանում Հիսուսի ուսուցումները տրվում են հատուկ խմբավորումով և ընդհանուր դասավորությամբ՝ ըստ հետևյալ կարգի.
- Լեռան քարոզը, որով Հիսուսը մեզ հայտնում է մեր պարտավորությունները՝ Աստծու արքայությանը արժանի լինելու համար (5-7-րդ գլուխներ)։
- Իր աշակերտներին տրված ցուցումներ՝ Աստծու արքայությունը քարոզելու իրենց առաքելության մասին (10-րդ գլուխ)։
- Երկնքի արքայության խորհուրդը և հետագա մեծ հաղթանակը պատկերող յոթ առակներ (13-րդ գլուխ)։
- Այս աշխարհում ինչպե՞ս ապրել որպես երկնքի արքայության զավակներ (18-րդ գլուխ)։
- Ուսուցումներ ներկա ժամանակների վախճանի և Աստծու արքայության գալստյան մասին (24-25-րդ գլուխներ)։
ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Հիսուսի ազգաբանությունը և ծնունդը (1.1-2.23)։
- Հովհաննես Մկրտչի առաքելությունը (3.1-12)։
- Հիսուսի մկրտությունը և փորձությունը (3.13-4.11)։
- Հիսուսի քարոզչությունը և նրա կատարած գործերը Գալիլեայում (4.12-18.35)։
- Նրա երթը Գալիլեայից Երուսաղեմ (19.1-20.34)։
- Վերջին շաբաթը Երուսաղեմում ու նրա շրջակայքում (21.1-27.66)։
- Տասը կույսերի առակը (25։1-13)
- Հիսուսի հարությունը և նրա երևալն իր աշակերտներին (28.1-20)։