Ասպիրին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ասպիրինը, հայտնի է նաև որպես ացետիլսալիցիլաթթու (ԱՍԹ), դեղ, որն օգտագործվում է ցավը, տենդը կամ բորբոքումը բուժելու համար[4]։ Հատուկ բորբոքային վիճակները, որտեղ կիրառվում է ասպիրինը, ներառում են Կավասակի հիվանդությունը, սրտակրանքի բորբոքումը (պերիկարդիտ) և ռևմատիկ տենդը[4]։ Սրտամկանի ինֆարկտից կարճ ժամանակ անց տրված ասպիրինը նվազեցնում է մահվան վտանգը[4]։ Ասպիրինը նաև կիրառվում է երկարատև, որն օգնում է կանխարգելել սրտամկանի ինֆարկտները, իշեմիկ կաթվածները և թրոմբերը՝ բարձր վտանգով մարդկանց մոտ[4]։ Այն կարող է նաև նվազեցնել քաղցկեղի որոշակի տեսակների առաջացման վտանգը, մասնավորապես ուղիղաղիքային քաղցկեղի[5]։ Ցավի կամ ջերմության դեպքում ազդեցությունը սովորաբար սկսվում է 30 րոպեի ընթացքում[4]։ Ասպիրինը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղ է (ՈՍՀԲԴ) և գործում է այլ ՈՍՀԲԴ-ների նման, սակայն նաև ընկճում է թրոմբոցիտների նորմալ ֆունկցիան[4]։
Ասպիրին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₉H₈O₄ |
Մոլային զանգված | 3,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,35 ± 0,01 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 135 °C[2] °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 284 ± 1 ℉ |
Գոլորշու ճնշում | 0 ± 1 mm Hg |
Քիմիական հատկություններ | |
pKa | 3,49[3] |
Դասակարգում | |
CAS համար | 50-78-2 |
PubChem | 2244 |
EINECS համար | 200-064-1 |
SMILES | CC(=O)OC1=CC=CC=C1C(=O)O |
ЕС | 200-064-1 |
RTECS | VO0700000 |
ChEBI | 2157 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Մեկ ընդհանուր անցանկալի ազդեցություն է ստամոքսի խանգարումը[4]։ Ավելի նշանակալի կողմնակի երևույթներն են ստամոքսի խոցերը, ստամոքսի արյունահոսությունը և ասթմայի վատթարացումը[4]։ Արյունահոսության վտանգը մեծ է նրանց մոտ, ովքեր տարիքով ավելի մեծ են, ալկոհոլ են խմում, ընդունում են այլ ՈՍՀԲԴ-ներ կամ այլ հակամակարդիչներ[4]։ Ասպիրինը խորհուրդ չի տրվում հղիության վերջին շրջանում[4]։ Ռեյի համախտանիշի (սինդրոմ) վտանգի պատճառով այն սովորաբար խորհուրդ չի տրվում վարակված երեխաներին[4]։ Բարձր դեղաչափերը կարող են հանգեցնել ականջներում աղմուկի[4]։
Ասպիրինի նախանյութը կիրառվել է ուռենու տերևների ձևով իր բուժիչ ազդեցությունների նպատակով առնվազն 2,400 տարի[6][7]։ 1853 թվականին քիմիկոս Չարլզ Ֆրեդերիկ Գերհարդտն առաջին անգամ օգտագործեց նատրիումի սալիցիլատ դեղը ացետիլ քլորիդով ացետիլսալիցիլաթթվի առաջացման համար[8]։ Հաջորդ հիսուն տարիների ընթացքում այլ քիմիկոսներ հաստատեցին քիմիական կառուցվածքը և գտան ավելի արդյունավետ եղանակներ այն ստանալու համար[8]։ 1897 թվականին «Բայեր» (Bayer) ընկերության գիտնականներն ընդհանուր սալիցիլատ դեղերի շարքում ուսումնասիրեցին ացետիլսալիցիլաթթուն որպես քիչ գրգռիչ փոխարինող դեղ[8]։ 1899 թվականին Բայերն այն անվանեց «Ասպիրին» և վաճառեց ամբողջ աշխարհում[9]։ Ասպիրինի հայտնիությունն աճեց XX դարի առաջին կեսին, հանգեցնելով շատ բրենդների և դեղաձևերի միջև մրցակցության[10]։ «Ասպիրին» բառը «Բայեր»-ի ապրանքանիշն էր (բրենդային անունը), սակայն ապրանքանիշի նկատմամբ իրենց իրավունքները կորան կամ վաճառվեցին շատ երկրներում[10]։
Ասպիրինն աշխարհում ամենալայն կիրառվող դեղերից է, որը յուրաքանչյուր տարի սպառվում է մոտ 40.000 տոննա (44.000 տոննա) (50-ից 120 մլրդ դեղահատեր)[6][11]։ Այն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Հիմնական Դեղերի Ցանկում է, ամենաանվտանգ և ամենաարդյունավետ դեղերը, որոնք անհրաժեշտ են առողջապահության համակարգում[12]։